ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բոլոր ճանապարհներից մենք ընտրում ենք փոսը

Բոլոր ճանապարհներից մենք ընտրում ենք փոսը
10.02.2024 | 07:28

Տառապանքի պտուղը սիրուն է, նռան վրա նստած ձյունն էլ է քաղցրանում, բայց փայտին ինչքան էլ մեղր քսես, ուտել չի լինի:

Մշակույթը շոր չի, մշակույթը մաշկ է, մշակույթը մաշկույթ է. եթե մշակույթով չես փշաքաղվում, ուրեմն՝ չես զգում, կհանեն, կտանեն, չես էլ իմանա:

Իսկ պատրանքը տառապանք չի, պատրանքը վերջում միշտ դառնում է պատանք, դառնում է պատ, դառնում է՝ տա՛նք:

Հայոց պատմության պատմությունը պատմություն դարձավ, շուտով կտեղավորվենք Խայամի քառյակներից մեկի մեջ: Հիշողության խորը էտ, գլխատված Մասիս, հետո կգան Հայաստանի լեզուն ու գրականությունը, իսկ հետո հայը կսկսվի Գաջեգործների փողոցից ու կվերջանա: Կվերջանա: Հետո չասեք, թե մենք՝ քնած, հայրենիքը եկավ-գնաց:

Հույսերն անտերությունից չորացել են: Ատելության բաղադրությունն օդի մեջ 5000 անգամ գերազանցում է թույլատրելի նորման: Մենք ածխադառը գազ ենք արտաշնչում, ծառերը դա չեն հասկանում:

Թակարդամերձ մկան հազ, խալաթների երթը մաշիկների միջազգային տոնին: Ինձ մի՛ նայիր քո պատերազմի գույնի աչքերով, Ձերդ անիմաստություն, ես արդեն սովոր եմ, չեմ վախենում, լրբության լրբոց:

Զգացմունքներից ամենահուսահատը կարոտն է, կարոտն էլ օրհներգ կդառնա, ու աշխարհի տարբեր անկյուններում նստակյաց ծիծեռնակների բներ կհայտնվեն: Կալիֆոռնիայի Հայկական Էմիրաթներ, սեզոնային հայրենիք: Խղճին ընկեր չկա: Իմունիտետ՝ խղճի դեմ: Վարդն ի՜նչ գիտի՝ դարդն ինչ է:

Չէ՛, պատմության առաջ բոլոր ազգերը հավասար են, պարզապես, ոմանք գրում են պատմությունը, իսկ մյուսները կարդում են, ոմանք էլ փախչում են պատմության դասից, որ կրկես գնան, ու կրկեսն էլ դառնում է նրանց պատմությունը:

Բոլոր ճանապարհներից մենք ընտրում ենք փոսը, իսկ փոսերից՝ ամենախորը: Թիվ 33 փոսային բաժանմունք՝ նամակները կորում են. հասցեատերերը չկան:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4955

Մեկնաբանություններ